Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով օգոստոսի 1-ի լույս օգոստոսի 2-ի գիշերը վիրավորում ստացած, մեկ օր անց ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալում մահացած 20-ամյա Սարգիս Մովսիսյանը Արմավիրի մարզի Մայիսյան գյուղից էր։
Ինչպես NEWS.am-ին հայտնեց զոհված զինծառայողի հորեղբայրը՝ Եսայի Մովսիսյանը, Սարգիսն իրենից մեծ եղբայր ուներ, իսկ ծնողներն էլ Ռուսաստանում են բնակվում։
«Հիմա գալիս են արդեն։ Սարգիսի ողնաշարն էր վնասվել, ինքն ու կամանդիրն էին վիրավորվել, կամանդիրը տեղում մահացավ, իսկ Սարգիսին էլ բերեցին Երեւան, բայց դե որ ողնաշարն էր կոտրվել, փրկել չկարողացան»,- ասաց Եսայի Մովսիսյանը, որը Մայիսյանի գյուղապետն է։
Նշենք, որ հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը մեզ հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ զինծառայողի թոքերը, երիկամն ու ողնաշարն էր վնասվել։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան եւ արեւելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել էր հետախուզադիվերսիոն գործողություն: Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 7 զոհ եւ 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ` 3 զոհ եւ 4 վիրավոր: Ադրբեջանական ստորաբաժանումները դիվերսիա էին արել նաեւ Ասկերանի ուղղությամբ, սակայն ետ էին շպրտվել՝ տալով մեկ զոհ:
Վերոնշյալ գործողությունների ընթացքում ղարաբաղյան կողմը տվել է 1 զոհ, իսկ 3 զինծառայողներ ստացել էին մարմնական վնասվածքներ: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել էր ՊԲ զինծառայող, ավագ լեյտենանտ, 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը: