Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Շաբաթ, 27.04.2024, 11:35
Ողջույն Հյուր

Ռազմական Տեղեկատու

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական Վարժարան
Պատմություն
ՀՀ կառավարությունը, 1993թ. նոյեմբերի 15-ի №569 որոշմամբ ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկությունը, ՀՀ լուսավորության նախարարության ռազմամարզական գիշերօթիկ վարժարանի հիման վրա ստեղծել է ռազմամարզական վարժարան-ուսումնարան համալիր և ի կատարումն վերոնշված որոշման ՀՀ պաշտպանության նախարարի 1994թ. մարտի 14-ի թիվ №59 հրամանով ռազմամարզական վարժարան-ուսումնարան համալիրին տրվել է ուսումնական զորամասի կարգավիճակ: 

ՀՀ պաշտպանության նախարարի 1994թ. հուլիսի 28-ի թիվ №284 հրամանով պաշտպանական շրջանի հրամանատար, փոխգնդապետ Մոնթե Չառլզի Մելքոնյանի հիշատակը հավերժացնելու նպատակով ՀՀ ՊՆ ռազմամարզական ուսումնարանը անվանակոչվել է նրա անունով: 

ՀՀ վարչապետի 1997թ. հունվարի 27-ի թիվ №26 որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության ռազմամարզական վարժարան-ուսումնարանի համալիրը հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությանը` այն վերակառուցելով Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանի` միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության կարգավիճակով: 

ՀՀ վարչապետի 1997թ. հունիսի 23-ի թիվ №256 որոշմամբ ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը վերակազմավորվել է և ի կատարումն այդ որոշման ՀՀ պաշտպանության նախարարի 1997թ.հուլիսի 02-ի թիվ №303 հրամանով այն լուծարվել է, և նրա բազայի վրա ստեղծվել է ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական թեքումով գիշերօթիկ վարժարան հանրակրթական դպրոցի 9-րդ և 10-րդ դասարանների ուսումնական ծրագրերին համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպմամբ: 

ՀՀ պաշտպանության նախարարի 1997թ. հուլիսի 02-ի թիվ №303 հրամանով ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանի կուրսանտական գումարտակը մտցվել է ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանի կազմի մեջ որպես հետախուզական ֆակուլտետ և 1997-1998 ուսումնական տարվանից սկսած նրան տրվել է բարձրագույն ռազմամասնագիտական կրթության ֆակուլտետի կարգավիճակ: 

Համաձայն 2010թ. ՀՀ կրթության մասին օրենքի 7-րդ հոդվածի /ՀՕ-161-ն/ 8-րդ կետի միջնակարգ կրթության նորմատիվային ժամկետը սահմանվել է 12 տարի` եռաստիճան համակարգով:

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում իրականացվում է ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների կրթական ծրագրեր:

Ներկայումս ՀՀ ՊՆ 14172 զորամասը (ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան) գտնվում է ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության ենթակայության տակ: 

Այն տեղակայված է ք.Երևան, Հալաբյան 44 հասցեում, հեռախոսներ 35-39-15,           34-48-44, 34-56-36:

Ֆինանսավորումը կատարվում է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային և պլանավորման վարչության միջոցով:  

Զորամասի հրամանատարներ են նշանակվել`
 14.03.1994թ-ից մինչև 29.07.1997թ-ը` փոխգնդապետ Ալեքսան Գրիգորի Մինասյանը, 
 29.07.1997թ-ից մինչև 18.03.2002թ-ը` մայոր Սիրական Գրիգորի Մինասյանը,
 02.09.2002թ-ից մինչև 27.09.2005թ-ը` գնդապետ Արմեն Ռոբերտի Սարգսյանը,
 27.09.2005թ-ից մինչև 23.07.2007թ-ը` գնդապետ Ռոլանդ Արշավիրի Քելեշյանը,
 23.07.2007թ-ից` գնդապետ Վիտալի Վալերիի Ոսկանյանը:
 
 
 
Վարժարանի պետ
Գնդապետ Վիտալի Վալերիի Ոսկանյան

           Ծնվել է 1974թ. հունվարի 06-ին ԼՂՀ ք.Ստեփանակերտում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Արցախի պետական համալսարանը և ավարտել 1995թ.-ին: Կրթությունը շարունակել է Երևանի տնտեսաիրավագիտական համալարանում և 1999թ.-ին ավարտելով ստացել` իրավաբանի որակավորում:
Վ.Ոսկանյանը 1990թ.-ից  մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին: 1992թ. մարտ ամսին Քյոսալար գյուղի մոտակայքում վիրավորվել է և Երևան քաղաքի ՆԳՆ հոսպիտալում ապաքինվելուց հետո վերադարձել է շարք: Զինված ուժերում ծառայել է 1992-1996թթ., այնուհետև  2000թ. սեպտեմբերի 01-ից զբաղեցրել է ՀՀ ՊՆ կադրերի վարչության համալրման բաժնի սպայի, ավագ սպայի, ապա ուղղության պետի պաշտոնները:
2007թ. հուլիսի 23-ից մինչև օրս զբաղեցնում է ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետի պաշտոնը: Ծառայության ընթացքում բազմիցս խրախուսվել է վերադաս հրամանատարության կողմից.

2004թ.-ին՝ - «Մարշալ Բաղրամյան» մեդալով, 
- «Երկարապահ կամավորականների միության» հուշամեդալով, 
2005թ.-ին՝ - «Անդրանիկ Օզանյան» մեդալով
- «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով, 
2006թ.-ին՝ - ԼՂՀ մայրության կոմիտեի նախագահի կողմից «Մայրական     երախտագիտության» մեդալով,
  - ՀՀ ԵԿՄ «5-րդ բրիգադ» հուշամեդալով, 
2007թ.-ին՝  - ՀՀ նախագահի կողմից «Մարտական ծառայության» մեդալով,
- «Դրաստամատ Կանայան» մեդալով, 
2009թ.-ին՝         «Ռազմական կրթությանն աջակցելու համար» հուշամեդալով և կրծքանշանով, 
2010թ.-ին՝  - «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալով, 
- «Սյունյաց արծիվներ» երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից «Լեռնահայաստանի արծիվ» ոսկյա հուշամեդալով, 
2011թ.-ին՝  - «Վազգեն Սարգսյան» մեդալով, 
- «ՀՀ ԶՈՒ 20-ամյա» հոբելյանական մեդալով,
- ՌԴ ք. Պերմում կայացած <<Պատանի հայրենասերների միջազգային 9-րդ հավաքին մասնակցելու համար «За достигнутые успехи на слете юных патриотов» մեդալով,
2012թ.-ին՝  - ՀՀ նախագահի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի   մեդալով, 
- «Անբասիր ծառայության համար»  3-րդ աստիճանի մեդալով,
2013թ.-ին՝   - ԵԿՄ վարչության նախագահի կողմից  «ԵԿՄ 20 տարի»  հոբելյանական մեդալով,
- Ուկրաինայի Հանրապետության ք. Օդեսայում կայացած «Միություն-2013. Հաղթանակի ժառանգորդներ» երիտասարդական ուսումնական ռազմամարզական միջազգային հավաքին մասնակցելու համար  «Союз-2013.наследники победы» մեդալով:
Ունի բազմաթիվ պատվոգրեր և շնորհակալագրեր:
 
 
 
Ուսումնական գործընթաց
ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, ռազմամարզական հոսքի հանրակրթական գիշերօթիկ հաստատություն է, որն իրականացնում է ավագ դպրոցի պետական հանրակրթական ծրագրեր (10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ, համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսեր): Վարժարանային կրթությունը նպատակ ունի հանրակրթական ծրագրերի, ռազմական գիտելիքների ու հմտությունների պարտադիր նվազագույնի ուսուցման և անհրաժեշտ ֆիզիկական պատրաստության միջոցով ապահովել սաների անհատականության ձևավորումը, նրանց նախապատրաստել ինքնուրույն կյանքի և ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու, մասնագիտական ընտրության, քաղաքացիության և հայրենասիրության դաստիարակում: Վարժարանում սովորում են միայն արական սեռի պատանիներ: ՈՒսուցումն անվճար է: 

Ի սկզբանե լինելով ավագ դպրոց` վարժարանը, թերևս, այսօր ունի ավելի մեծ փորձ, քան հանրապետությունում առկա նորաստեղծ ավագ դպրոցները: Վարժարանն իր տեսակի մեջ եզակի է նաև որպես տարբերակված հոսքի ուսումնական հաստատություն ի տարբերություն մինչև օրս ստեղծված ընդհանուր հոսքի ուսումնական հաստատությունների: Ավագ դպրոցում երաշխավորված հոսքերի շարքում թերևս առավելություն է վարժարանի տարբերակված ուղղվածությունը` մասնագիտացման առումով: 

Վարժարանում դասավանդվում են հանրակրթական բոլոր առարկաները: Խորացված ուսումնասիրում են «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզիկական պատրաստություն» և «Լեռնային պատրաստություն» առարկաները:

Ֆիզպատրաստությունը անցկացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում գործող ֆիզպատրաստության նորմերին և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ծրագրերին համապատասխան, որի մեջ ներառվում է մարմնամարզություն, արգելքների հաղթահարում, ձեռնամարտ, արագընթաց տեղաշարժեր, համալիր պարապմունքներ: 

Ըստ օրվա կարգացուցակի` վարժարանում անց է կացվում 35 րոպե տևողությամբ առավոտյան մարմնամարզություն:  Այն նպատակ ունի` սիստեմատիկաբար մարզելու և վերկացից հետո օրգանիզմը առույգ վիճակի բերելու: Անցկացվում է երեք տարբերակով: Առաջին տարբերակում կատարվում է ընդհանուր զարգացնող վարժություններ, երկրորդում` արագընթաց տեղաշարժեր, երրորդում` համալիր մարզումներ: Կազմակերպող սպան խստագույնս հետևում է ճիշտ ժամանակին և ջերմաստիճանին համապատասխան համազգեստով անցկացվող առավոտյան մարմնամարզությանը: 

Ամեն ամսվա վերջին սաները հանձնում են ստուգարք` 100մ և 1000մ վազք և ձգում պտտաձողի վրա: Ամեն կիսամյակում փոխվում են նորմաների չափանիշները`  աստիճանաբար բարդանալով, ինչը մեզ թույլ է տալիս հասնել այն արդյունքին, որ վարժարանն ավարտող սաները տարբեր ռազմական ուսումնական հաստատություններ դիմելիս ֆիզիկական պատրաստության քննություններում ցուցաբերեն բարձր արդյունքներ: 

Վարժարանում կատարվում են տարբեր սպորտային միջոցառումներ, սպարտակիադներ, մրցույթներ` սեղանի թենիսից, փոխանցումավազքից, պարանի ձգումից, շախմատից, ֆուտբոլից և այլն: Շաբաթական երկու անգամ, ըստ օրվա կարգացուցակի, վարժարանում անց են կացվում սպորտմասսայական միջոցառումներ, որտեղ ներառվում են նաև տարբեր ռազմականացված մրցույթներ: 

Ֆիզիկական պատրաստության միջոցառումներն անցկացվում են խիստ հսկողության ներքո` պահպանելով անվտանգության կանոնները: Այդ իսկ նպատակով զորամասի ֆիզիկական պատրաստության պետի օգնությամբ ստորաբաժանումների սպաների հետ կազմակերպվում է հրահանգչամեթոդական պարապմունքներ: 

Սաները մասնակցում են նաև ամենամյա հանրապետական խճուղավազքի բաց առաջնությանը, որտեղ ունեցել ենք բազմաթիվ մրցանակակիրներ:  

Այս խնդիրների մեջ իր հաստատուն ու կարևորագույն տեղն ունի «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդումը: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ու ռազմահայրենասիրական դաստիարակության նպատակն է պատրաստել Հայրենիքը պաշտպանելու ունակ, բազմակողմանի զարգացած պատանիներ: 

Մեծ ուշադրություն է դարձվում կրակային պատրաստության պարապմունքներին, որի նախապատրաստման և բարձր արդյունքներ ցուցաբերելու նպատակով ուսումնական գործընթացում կիրառվում է «Նշանակետ» վարժասարքը, որում առկա են ԱԿ-74 ինքնաձիգ և Դրագունովի դիպուկահար հրացան: Դրանց օգնությամբ սաները յուրացնում են հրաձգության վարժաձևերի էլեմենտները, ուսումնական տարվա ընթացքում վարժարանի հրաձգարանում անցկացվում են նաև հրաձգության առաջնություններ փոքր տրամաչափի ՏՕԶ-8 հրացանից և լավագույն արդյունքներ ցուցաբերող սաները մասնակցում են Երևանում անցկացվող ռազմականացված եռամարտի առաջնությանը` գրավելով բարձր մրցանակային տեղեր: Զորային հրաձգարանում պարբերաբար անցկացվում են նաև նախնական և ստուգողական վարժություններ մարտական փամփուշտներով, ինչի արդյունքում էլ մասնակցելով Ղրղզստանի Հանրապետությունում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմամարզական երիտասարդական «Սոյուզ 2008 Իսիկ Կուլ» միջազգային ուսումնամարզական հավաքներին, վարժարանի սանն արժանացել է «Լավագույն դիպուկահար» կոչմանը` պարգևատրվելով պատվոգրով և մրցանակներով: 

Առանձնահատուկ կարևորություն է տրվում նաև շարային պատրաստությանն ու համազորային կանոնադրությունների իմացությանը: 

Շարքն է, որ կոփում է պատանու կամքը, կատարելագործում իր մարմնին տիրապետելու ունակությունը, զարգացնում նրա ուշադրությունը, հմտությունը և համախմբվածությունը: Շարքում գտնվելու փաստն արդեն իսկ սանին վարժեցնում է լինել կարգապահ և կազմակերպված: 
Մարտավարական պատրաստությունից սաները ծանոթանում են զինվորի գործողություններին մարտի ժամանակ, ինժեներական պատրաստությունից` ինժեներական կառույցների ու դիրքերի քողարկմանը, փորում են անհատական խրամատներ` պառկած, ծնկած և կանգնած դիրքերից կրակելու համար, ծանոթանում հակահետևակային և հակատանկային ականների նշանակությանը, բնութագրին, կառուցվածքին, տեղադրմանն ու վնասազերծմանը, ռազմական տեղագրությունից անցկացվում են գործնական պարապմունքներ հանձնարարված ազիմուտով: 

Ուսումնական տարվա սկզբում վարժարան ընդունված սաների ծնողները տալիս են իրենց գրավոր համաձայնությունը «Լեռնային  պատրաստություն» առարկայի գործնական և տեսական պարապմունքներին իրենց երեխաների մասնակցության վերաբերյալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարապմունքների ժամանակ ռիսկի գործոնը բավական մեծ է: Անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ հրահանգավորում անցկացվում է յուրաքանչյուր պարապմունքից առաջ` ստորագրություններով: 

1-ին կուրսում տեսական և գործնական պարապմունքների ժամանակ սանը յուրացնում է առարկայի բովանդակությունը, նշանակությունը, ստանում լեռնագնացի ֆիզիկական, տեխնիկական և մարտավարական պատրաստություն: Ծանոթանում` ռազմական տուրիզմի ձևերին, ստանում` գիտելիքներ գույքի և հանդերձանքի, անվտանգության կանոնների պահպանման, արշավների ժամանակ առաջին բուժօգնության ապահովման մասին, կատարում` մարզական վերելք և վայրէջք: 2-րդ կուրսում կատարելագործում են ստացած գիտելիքները դաշտային պայմաններում, 3-րդ կուրսում հմտանում կատարալով բնական արգելքների, լեռնային գետերի հաղթահարում, մարզական վերելք և վայրէջք: 

Զինվելով անհրաժեշտ լեռնային պատրստության գիտելիքներով, շարժողական կարողություններով, հմտություններով և այլ ունակություններով` սանը ոչ միայն կարող է արագ և ճիշտ կողմնորոշվել, այլև հետագա զինվորական ծառայության ընթացքում, պատերազմական ժամանակ առաջադրանք կատարելիս դժվարությունները հեշտությամբ հաղթահարել, ստացած գիտելիքները կիրառել և դուրս գալ բարդ իրավիճակներից: 

Վարժարանի սաները մշտապես մասնակցում են հանրապետությունում անցկացվող առարկայական մրցումների և օլիմպիադաների: Այսպես. սաներից երկուսը Աշոտ Սարգսի Գալյանը և Վարդան Վահանի Սարգսյանը 2009թ. հունվարի 23-ին, մասնակցելով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կլազմակերպված, արդեն ավանդական դարձած, բանակի տոնին նվիրված մրցույթին պատմություն առարկայից, որին մասնակցում էին ՀՀ ԲՈՒՀ-երի ուսանողներ և այլ կրթօջխների սաներ գրավեցին առաջին տեղերը` խրախուսվելով «Գարեգին Նժդեհ» կրթաթոշակով:  
Վարժարանի ուսուցիչները փորձառու են, ունեն համապատասխան որակավորում: Ուսումնական գործընթացը, որը բաղկացած է դասաժամերից և ինքնապատրաստության դասաժամերից, իրականացվում է համապատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարության ուսումնական   տարվա   ուսումնական   պլանի   և   ՀՀ կառավարության որոշումների ու այլ իրավական ակտերի: 

Ուսումնական պարապմունքները վարժարանում սկսվում են սեպտեմբերի 01-ին, ավարտվում մայիսի վերջին` ապահովելով 34 ուսումնական շաբաթ: ՈՒսումնական շաբաթը վեցօրյա տևողությամբ է: Վարժարանում գործում է 10-միավորային համակարգ: Գիտելիքների ստուգումների, ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման համակարգերը բերվում են 10 կամ 20-միավորային գրանցման: 

Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների, պայմանականորեն գործում է նաև քառորդային գնահատման կարգը առաջադիմության վերահսկման և ծնողական ժողովների ժամանակ (որոնք հրավիրվում են քառորդն ամփոփվելիս) ծնողների ուշադրությունը գրավելու համար, ապա կիսամյակային գնահատականների միջոցով ամփոփվում է տարեկան գնահատականները: Դասի տևողությունը 45 րոպե է: Վեցերորդ դասաժամի ավարտից հետո ժամը 14.00-ից մինչև 15.00-ն սաներին տրվում է Ճաշելու և հանգստի համար ժամանակ, որից հետո ժամը 15.00-ից հետո սկսվում է ինքնապատրաստության դասաժամերը, որի տևողությունը 30 րոպե է: Ի տարբերություն մյուս հանրակրթական գիշերօթիկ դպրոցների, որտեղ ևս իրականացվում է  ինքնապատրաստության դասաժամ, վարժարանն ունի մի կարևոր առավելություն ևս. եթե այլ դպրոցներում ինքնապատրաստության դասաժամերն իրականացվում են դաստիարակի կողմից, որը, չլինելով համապատասխան առարկայական մասնագետ, ընդամենը հսկիչի դեր է կատարում, ապա վարժարանում այդ ժամերին առարկայական ուսուցիչն ինքն է անցկացնում դասաժամը և օգնում սաներին դասերը պատրաստելիս: Այս ժամերին սաներն ավելի անկաշկանդ են և ակտիվ: ՈՒսուցիչը հնարավորություն է ունենում բացահայտել, թե որտեղ է թերանում սանը: 

Ուսումնական տարվա ընթացքում սաներին տրվում են արձակուրդներ աշնանային` հոկտեմբերի վերջին մեկ շաբաթ, ձմեռային` դեկտեմբերի 25-ին երկու շաբաթ, գարնանային` մարտի վերջին մեկ շաբաթ և ամառային` մայիսի վերջին երեք ամիս տևողությամբ: 

Համաձայն վարժարանի կանոնադրության` 1-ին կուրսի սաները ուսումնական տարին ավարտելուց հետո, երկու շաբաթով մեկնում են ճամբարային հավաքների` գործնական պարապմունքներ կատարելու նպատակով: Անցկացվում են պարապմունքներ կրակային, մարտավարական, ինժեներական,  լեռնային, ռազմաբժշկական և ֆիզիկական պատրաստություններից, ռազմական տեղագրությունից: Հավաքներից հետո իրակացնելով բազմօրյա արշավներ` սաները ոտքով վերադառնում են վարժարան: 

Ուսումնական տարվա ավարտին` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ուսումնական տարվա ավարտական և փոխադրական քննությունների կազմակերպման աշխատակարգի, մայիս-հունիս ամիսներին սաները հանձնում են միասնական և պետական ավարտական քննություններ «Ֆիզպատրաստություն», «Բնագիտություն», «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Օտար լեզու» և «Հայոց պատմություն» առարկաներից, որոնք կազմակերպվում և անցկացվում են կենտրոնացված կարգով` միասնական քննությունների դեպքում` քննական կենտրոնում, ավարտականը` տեղում, գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից կազմած թեստերով: 

ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանն այսօր նոր կրթական բարեփոխումներին համահունչ կատարում է իր առջև դրված խնդիրները` պատանեկության տարիքից սերմանելով բարձր կարգապահություն, հայրենասիրություն և այլ արժեքներ, պատրաստում է վաղվա քաղաքացուն` իր անհատականությամբ և որակներով:
 
Ընդունելության կարգը
Համաձայն ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի կանոնադրության` յուրաքանչուր ուսումնական տարվա հունիս-օգոստոս ամսիներին, վարժարանը կազմակերպում է ընդունելության գործընթացը, ըստ որի ընդունվել ցանկացող պատանիների ծնողները (նրանց փոխարինող անձինք) ընդունելության տարվա ապրիլի 2-ից մինչև հուլիսի 25-ը ռազմամարզական վարժարանի պետի անունով ներկայացնում են դիմում, որին կցվում է վարժարանի պետի անունով պատանու դիմումը (ռազմամարզական վարժարանում սովորելու, այն ավարտելուց հետո ռազմաուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու և ՀՀ զինված ուժերի սպա դառնալու ցանկության մասին):

Ընդունելությունը կատարվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 01-ից 15-ը` հիմնական կրթության 9-րդ դասարանի ծրագրի ծավալով: 
Քննություններ հանձնելուց առաջ թեկնածուներն անցնում են վերջնական բժշկական հետազոտություն ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմված բժշկական հանձնաժողովի կողմից: 

Ընդունելության քննությունները հանձնում են մրցութային կարգով հետևյալ առարկաներից. 

 ֆիզիկական պատրաստություն`  ձգումներ ձողափայտի վրա, 100 մետր և 1000 մետր վազք,
 հայոց լեզու` թելադրություն, 
 մաթեմատիկա` գրավոր:

Ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր.

1.Դիմում
2.Բժշկական փաստաթղթեր
ա/ մեզի և արյան անալիզներն առանձին (կնքված), MRP անալիզ (կնքված)
բ/ սրտի ԷԿԳ (ժապավենը և պատասխանը, կնքված)
գ/ տեղեկանք հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (կնքված)
դ/ սոնոգրաֆիա (կնքված)
ե/ ձև 63 և 26 (կնքված)
զ/ արյան կարգը
3. Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով)
4. Բնութագիր` հաստատված դասղեկի և դպրոցի տնօրենի ստորագրություններով և կնքված
5. 9-ամյա կրթության վկայականը և պատճենը
6. Ծննդյան վկայականը և պատճենը
7. Տեղեկանք բնակավայրից, որտեղ նշված լինեն հասցեն և ընտանիքի կազմը
8. Տեղեկանք ծնողների աշխատանքի վայրից, ծնողների (խնամակալի) անձնագրերի պատճեները
9. Սոցիալական քարտի պատճենը
10. 3x4 չափսի 4 լուսանկար (առանց գլխարկի)
11. Թղթապանակ և ծրար
12. Դիպլոմների և պատվոգրերի պատճեններ, տեղեկանքներ, այլ փաստաթղթեր ծնողի և երեխայի կարգավիճակի մասին (ծնողազուրկ, հաշմանդամ, սոցիալապես անապահով, պատերազմի մասնակից)

Համաձայն ՀՀ ՊՆ Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի կանոնադրության. 

1.Առանց ընդունելության քննություններ հանձնելու, միայն հարցազրույցի արդյունքներով վարժարան են ընդունվում նախնական ընտրության, առողջական վիճակի և ֆիզիկական պատրաստության պահանջները բավարարող`
ա) ծնողազուրկ կամ առանց խնամքի մնացած երեխաները,
բ) մարտական գործողությունների կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված (մահացած) կամ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց հավասարացված անձանց երեխաները, 

2.Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած ֆիզիկական պատրաստության և ընդունելության մյուս պահանջները բավարարող թեկնածուներից մրցույթից դուրս ընդունվում են`
ա)սահմանամերձ գոտիներում ծառայող զինծառայողների երեխաները,
բ)միակողմանի ծնողազուրկ երեխաները,
գ)մարտական գործողությունների մասնակից զինծառայողների և նրանց հավասարացված անձանց երեխաները, 

3.Հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է ֆիզիկական պատրաստության մյուս պահանջները բավարարող`
ա)զինծառայողների (այդ թվում սահմանված կարգով պահեստազոր արձակված կամ պաշտոնաթող) երեխաներին,
բ)սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին,
գ)սահմանամերձ գոտիներում բնակվող ընտանիքների երեխաներին, 

4. Ընդունելության քննությունները հաջող հանձնած և մրցույթով անցած վերոհիշյալ կետերով նախատեսված արտոնյալ կարգով վարժարան ընդունված թեկնածուները գրանցվում են որպես վարժարանի առաջին կուրսի սաներ, նրանց տրվում է համապատասխան վկայական: Սաները հրամանագրվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով:

Հասցե՝ Հալաբյան 44
Էլ. հասցեն՝ pn.monte@mil.am
Հեռ.՝ /010/ 35 39 15, 34 48 44, 34 56 36
 
 
Վարժարանի հետուսումնական պայմանները
Վարժարանի հիմնական խնդիրներից է պատրաստել դիմորդներ ռազմական ուսումնական հաստատությունների համար, դաստիարակել ապագա սպաներ, սակայն այն սաները, ովքեր չեն ընդունվում ռազմաուսումնական հաստատություններ, դառնում են հայրենիքին, ազգին ու պետականությանը նվիրված, ժամկետային զինծառայությանը պատրաստ քաղաքացիներ: 

Վարժարանի շրջանավարտների 90%-ից ավելին դիմում և ընդունվում են ՀՀ և օտարերկրյա ՌՈՒՀ-եր, այդ թվում`

1.      ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ`հետևյալ մասնագիտություններով`
-        մոտոհրաձգային, 
-        հրետանային,

2.      ՀՀ ՊՆ Ա.Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտ`հետևյալ մասնագիտություններով`
-        թռչող ապարատների թռիչքային շահագործում (ուղղաթիռ), 
-        թռչող ապարատների և շարժիչների տեխնիկական շահագործում (ուղղաթիռ),
-        կապի միջոցների շահագործում,
-        ՀՕՊ միջոցների շահագործում, 
-        ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրների շահագործում

3.      Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` հետևյալ մասնագիտությամբ` 
•         ռազմական դիրիժոր

4.      Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ` հետևյալ մասնագիտություններով`
•         բուժական գործ ցամաքային զորքերում
•         բուժական գործ

5.      Արտասահմանյան երկրների ռազմաուսումնական հաստատություններ`
-        ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիայի  Մոսկվայի մասնաճյուղ` հետևյալ մասնագիտությամբ` 
•         զորային հետախուզություն, 

-        ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիայի  Օմսկի մասնաճյուղ` հետևյալ մասնագիտություններով`
•         զորքերի տանկատեխնիկական ապահովում
•         զորքերի ավտոտեխնիկական ապահովում

-        ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիայի  Պենզայի մասնաճյուղ` հետևյալ մասնագիտությամբ`
•         զորքերի հրթիռահրետանային ապահովում

-        ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիայի  Ռյազանի մասնաճյուղ` հետևյալ մասնագիտությամբ`
•         օդադեսանտային զորքեր

-        ՌԴ ԶՈՒ ռազմական ակադեմիայի  Չերեպովեցի մասնաճյուղ` հետևյալ մասնագիտությամբ`
•         ռադիոտեխնիկա

-        ՌԴ Միխայլովի ռազմական հրետանային ակադեմիա /ք. Սանկտ Պետերբուրգ/,
-        ՌԴ կապի ռազմական ակադեմիա /ք.Սանկտ Պետերբուրգ/,
-        ՌԴ կապի ռազմական ակադեմիայի Կրասնոդարի մասնաճյուղ,
-        ՌԴ ռազմական ինժեներաավիացիոն համալսարան /ք. Վորոնեժ/,
-        Ռազմաօդային ակադեմիայի Յարոսլավլի մասնաճյուղ` ` հետևյալ մասնագիտությամբ`
•         ՀՕՊ մասնագետ,

-        ՌԴ ՌՔԿՊ և ԻԶ ռազմական ակադեմիայի Տյումնեի մասնաճյուղ` հետևյալ մասնագիտությամբ`
•         ինժեներ սակրավոր,

-        ՌԴ ռազմական տիեզերական ակադեմիա /ք. Սանկտ Պետերբուրգ/` հետևյալ մասնագիտությամբ`
•         քարտեզագրություն,

-        ՌԴ ռազմական համալսարան` հետևյալ մասնագիտությամբ`
•         զորքերի ֆինանսական ապահովում,

-        Երևանի պետական համալսարան` հետևյալ մասնագիտությամբ`
•         քարտեզագրություն և կադաստրային գործ,

-        Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան` հետևյալ մասնագիտությամբ`
•         կադաստր և կիրառական գեոդեզիա,

-        Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան` հետևյալ մասնագիտությամբ`
•         հաշվապահական հաշվառում և աուդիտ,

-        Հայստանի պետական ագրարայաին համալսարան` հետևյալ մասնագիտություններով`
•         փոխադրումների կազմակերպումն ու կառավարումը ագրոպարենային համակարգում,
•         սննդաարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում,
•         ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ,
•         գյուղարտադրանքի և պարենամթերքի ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն,

-        Հունաստանի Հանրապետության ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա
 
 
 
Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: Ռազմտեղեկատու (29.07.2014)
Դիտումներ: 1656 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Կայքի մենյու

Մուտքի ձև

Բաժնի անվանակարգերը

Իմ հոդվածները [6]

Որոնել

Մեր հարցումը

Ինչ եք ուզում ԼՂՀ-ի համար
Պատասխանների ընդհանուր քանակը: 1557

Մինի - չաթ

Կայքի գործընկերները

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0