Գլխավոր էջ | Գրանցում | Մուտք | RSS
Չորեքշաբթի, 04.12.2024, 12:56
Ողջույն Հյուր

Ռազմական Տեղեկատու

Գլխավոր էջ » Հոդվածներ » Իմ հոդվածները

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Պատմություն
Ելնելով ժամանակի պահանջներից` 1992թ. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով հանրապետական աէրոակումբը և «Արզնի» օդանավակայանը փոխանցվեցին պաշտպանության նախարարության ենթակայությանը, որը Հայաստանի զինված ուժերի համար անհրաժեշտ ավիացիոն մասնագետների պատրաստման նպատակով պաշտպանության նախարարի հրամանի համաձայն` 1993թ. ապրիլի 1-ին վերակազմավորվեց` որպես ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն կենտրոն և դարձավ ՀՀ առաջին ռազմամասնագիտական հաստատությունը:

ՀՀ ՊՆ միջնորդությամբ 1994թ. սեպտեմբերի 20-ին կառավարության թիվ 447 որոշմամբ ռազմաավիացիոն կենտրոնին տրվեց միջնակարգ մասնագիտական ուսումնական կարգավիճակ` Ռազմաավիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարան անվանումով (ուսման տևողությունը 3 տարի):

Հաշվի առնելով ուսումնարանի պատրաստության աստիճանը և ելնելով սպա-մասնագետների ներկայացվող ժամանակակից պահանջներից` ՀՀ պաշտպանության նախարարի 25.05.2001թ. հրամանի համաձայն ուսումնարանը վերակազմավորվեց ՊՆ բարձրագույն ուսումնական հաստատության` ՀՀ ՊՆ Ռազմաավիացիոն ինստիտուտի, ուսուցումը ստացիոնար համակարգում` 4 տարի: 

Նախկինում ուսումնարանը ավարտած շրջանավարտներին բարձրագույն ինժեներական կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելու նպատակով կազմակերպվեց նաև եռամսյա հեռակա ուսուցում:

Ստեղծված ուսումնամեթոդական և լաբորատոր բավականին հարուստ բազայի առկայությունը, ճարտարագիտական պատրաստության մեծ աստիճանը` 2002թ. ինստիտուտին հնարավորություն տվեց կազմակերպել նաև ՀՀ ԶՈՒ սպա-կապավորների, իսկ 2005թ.` նաև հակաօդային պաշտպանության մասնագիտություններով սպաների պատրաստումը:

Ի նշանավորումն Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի` 2005թ. ՀՀ պաշտպանության նախարարի 01.04.2005թ. հրամանով ինստիտուտն սկսեց կրել մարշալ Արմենակ Խանփերյանցի անունը և նույն հրամանով Ռազմական ավիացիոն ինստիտուտին կարգադրվեց հանձնել մարտական դրոշը:

2004թ. ինստիտուտը անցավ ուսումնական գործընթացի կազմակերպման` ֆակուլտետային սկզբունքով: Հանրակրթական առարկաների ֆակուլտետը ապահովում է կուրսանտների գիտելիքների ընդհանուր ճարտարագիտական  բազան և ընդհանուր ռազմական պատրաստությունը: Մյուս երեք` ավիացիոն, կապի և հակաօդային պաշտպանության ֆակուլտետները մասնագիտացված են:
 
  Ինստիտուտի պետ
ԴԱՆԻԵԼ ԿԻՄԻ ԲԱԼԱՅԱՆ
ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ:

Ծնվել է 1956թ. դեկտեմբերի 24-ին` Երևանում:

1975-1977 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1980թ. ավարտել է Վոլչանսկի ավիացիոն ուսումնարանը:

ՀՀ զինված ուժերում է 1993թ.-ից:

1993թ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ:

Պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Անբասիր ծառայության համար» I աստիճանի, «Մարշալ Բաղրամյան» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով:
 
Ուսումնական գործընթաց
Ինստիտուտում պատրաստվում են հետևյալ մասնագիտությամբ սպաներ.

1. Ավիացիոն ֆակուլտետում.
- թռչող ապարատների թռիչքային շահագործում (ինքնաթիռ, ուղղաթիռ),
- թռչող ապարատների և շարժիչների տեխնիկական շահագործում (ինքնաթիռ, ուղղաթիռ),

2. Կապի ֆակուլտետում.
- կապի միջոցների շահագործում,
3. ՀՕՊ ֆակուլտետում.
- ՀՕՊ միջոցների շահագործում:

Ինստիտուտում բացի ռազմական մասնագիտություններից տրվում է նաև հանրապետությունում ընդունված բարձրագույն կրթության բակալավրի աստիճանին համապատասխանող քաղաքացիական մասնագիտացման որակավորում:

Ինստիտուտում գործում է օտար լեզուների ուսուցման կենտրոն, որտեղ կազմակերպվում է անգլերեն լեզվի ուսուցում: Գործում է նաև համակարգչային կոնտրոն:

Ինստիտուտում հանրակրթական առարկաները դասավանդում են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից հրավիրված դասախոսներ, իսկ մասնագիտական առարկաները` ՀՀ զինված ուժերում ծառայած, հետագայում ռազմական ակադեմիաներ կամ ակադեմիական դասընթացներ ավարտած սպաներ: Որոշ` նեղ մասնագիտական առարկաների ուսուցումը կազմակերպվում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի լաբորատորիաներում:

Ինստիտուտում ստեղծված են համապատասխան նյութատեխնիկական և ռազմական տեխնիկայի բազաներ, որոնք թույլ են տալիս պարապմունքները անցկացնել առարկայական ծրագրերի պահանջներին համապատասխան:

Ինստիտուտում գործում են.

Ավիացիոն և կապի ֆակուլտետներում` մասնագիտական լսարաններ և լաբորատորիաներ, բացի այդ առկա են նաև.
- ֆիզիկայի լաբորատորիա, հաշվողական տեխնիկայի լաբորատորիա,
- էլեկտրատեխնիկական և ռադիոտեխնիկական առարկաների լաբորատորիաներ,
- անգլերեն լեզվի մասնագիտացված լսարան,
- ավիացիոն և ՀՕՊ տեխնիկայի 4 վարժասարքեր (ինքնաթիռի, ուղղաթիռի «Իգլա» համակարգերի և հրաձգային զենքի):

Էլեկտրոնային գրադարան

ՀՀ պաշտպանության նախարարությունը ակտիվ աշխատանքներ է տանում ՀՕՊ ֆակուլտետի նյութատեխնիկական բազայի համալրման համար: 

Ինստիտուտում կազմակերպվում են արտագնա գործնական պարապմունքներ` օգտագործելով  ՀՀ  ԶՈՒ զորամասերի մարտական տեխնիկան և սպառազինությունը: 

Ուսման ընթացքում կազմակերպվում են դաշտային ելքեր և ստաժավորումներ ՀՀ ԶՈՒ զորամասերում` համապատասխան փորձ և հմտություններ ձեռք բերելու համար: 

Կուրսանտներին ուսումնական տարվա ընթացքում երկու անգամ տրվում է արձակուրդ. ամռանը` մեկ ամիս, ձմռանը` 14 օր տևողությամբ: Նրանք ուսումնառության ժամանակ ապահովվում են ֆինանսական բավարարմամբ:

Զինվորական մասնագիտություն ընտրելու առավելությունները

Ռազմական ուսումնական հաստատությունն ավարտած և ռազմական բնագավառի գիտելիքներ ձեռք բերած սպաները ունենում են մի շարք առավելություններ, ինչպիսիք են.

- ռազմական ուսումնական հաստատություններն ավարտած շրջանավարտները անմիջապես նշանակվում են ծառայության` համապատասխան պաշտոնի,
- ապահովվում են ծառայողական բնակարանով, կամ փոխհատուցվում է բնակարանային վարձը,
- 20 տարի ծառայությունից հետո ծառայողական բնակարանները սեփականաշնորհվում են:  Ինչպես գիտենք ամեն տարի կառուցվում և զինծառայողներին են հատկացվում բնակարաններ, որոնց քանակը տարեցտարի ավելանում է,
- ՀՀ  ռազմաուսումնական հաստատությունների բոլոր կուրսանտները ապահովվում են կրթաթոշակով, անվճար սննդով, հանդերձանքով և կացարաններով,
- Գերազանց առաջադիմություն և բարձր կարգապահություն ցուցաբերած կուրսանտների համար սահմանված է անվանական կրթաթոշակ,
- Կուրսանտներն ապահովված են եվրոպական չափանիշներին համապատասխան կացարաններով, 2-3 տեղանոց առանձնասենյակներով, ինչպես նաև որակյալ սննդով ու հանդերձանքով,
- Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները օգտվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված արտոնություններից: Համաձայն այդ օրենքի` զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները կարող են անվճար բուժօգնություն ստանալ Հայաստանի Հանրապետությունում գործող բուժհիմնարկներում: 

ՀՀ ԶՈՒ սպաների դրամական բավարարումը մոտավորապես 200 հազար դրամ է և տարեցտարի ավելանում է:

Հանրապետությունում միակ բնագավառը, որտեղ անձը 20 տարի ծառայելուց հետո 37-38 տարեկանում կարող է անցնել երկարամյա ծառայության թոշակի (միջինը 80 հազար դրամ) և աշխատել ՌՈՒՀ-ում ստացած քաղաքացիական մասնագիտությամբ:
Ընդունելության կարգը
Ռազմաուսումնական հաստատություն կարող են դիմել արական սեռի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող դպրոցների շրջանավարտները, մինչև 23 տարեկան պահեստազորում գտնվող զինապարտները և պայմանագրային կամ պարտադիր զինծառայության մեջ գտնվող զինծառայողները:

Դիմորդների համար տարածքային զինկոմիսարիատներում (զորամասերում) կազմվում են անձնական գործեր, որտեղ պետք է լինեն հետևյալ փաստաթղթերը.

 դիմում (զեկուցագիր) տարածքային զինվորական կոմիսարի (զորամասի հրամանատարի) անունով, որում պետք է նշված լինի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը, կրթության աստիճանը (զինվորականները նշում են նաև կոչումն ու պաշտոնը), ինչ մասնագիտացում է ուզում ստանալ, որտեղ է ցանկանում սովորել, 
 քարտ,
 մասնագիտական ընտրության քարտ,
 ինքնակենսագրություն,
 բնութագիր ուսման կամ աշխատանքի վայրից (զինծառայողների համար` զորամասերից),
 բժշկական քարտ` ֆլյուրոգրաֆիկ և այլ բժշկական հետազոտությունների վերաբերյալ նշումներով, հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերից տեղեկանքներ, 
 զորամասի հրամանատարի (զինվորական կոմիսարի) կողմից հաստատված ծննդյան վկայականի պատճենը` 2 օրինակից: 
 տեղեկանք տարածքային ոստիկանության բաժնում հաշվառման մեջ չլինելու վերաբերյալ,
 որդուն ուսման ուղարկելու վերաբերյալ ծնողների համաձայնագիր` հաստատված նոտարի կողմից,
 ատեստատ (պատճենը),
 տեղեկանք ընտանիքի կազմի մասին,
 անձնագրի պատճենը (2-5-րդ էջերը),
 սոցիալական քարտի պատճենը,
 4 հատ գունավոր լուսանկար 3x4  չափի,
 «Միասնական» քննությունների արդյունքները (սերտիֆիկատները),

Զինվորական գրքույկը կամ կցագրման վկայականը, անձնագիրը և ատեստատը` միասնական կարգով հանձնած քննությունների վկայագրերի հետ թեկնածուն ներկայացնում է անձամբ` ուսումնական հաստատություն ներկայացնելու օրը:

Ընդունվելու համար դիմորդների կողմից հանձնվող քննությունները

1. Հայոց լեզու (հանձնված «Ա» տարբերակով` ավարտական վկայականի գնահատականը),  
2. մաթեմատիկա (հանձնված միասնական կարգով, «Բ» տարբերակ),
3. ֆիզիկա (հանձնված միասնական կարգով «Բ» տարբերակ),
4. ռուսաց լեզու (հանձնված «Ա» տարբերակով` ավարտական վկայականի գնահատականը):

Բոլոր դիմորդները կենտրոնացված կարգով ենթարկվում են բուժզննման: 

Ընդունող կենտրոնական հանձնաժողովը կազմակերպում է.
 քննություն` ֆիզիկական պատրաստություն առարկայից,
 հարցազրույց «Մասնագիտական կողմնորոշման և հոգեբանական համատեղելիության» թեմայով:

Զինկոմիսարիատներն ու զորամասերը դիմորդներին (անձնական գործերով) ՀՀ ՊՆ ընդունող հանձնաժողով են ներկայացնում ՀՀ պաշտպանության նախարարի` ընդունելությունը կազմակերպելու վերաբերյալ հրամանում նշված ժամկետներում: 
ՀՀ ՊՆ ընդունող հանձնաժողովն ստուգում է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, նշանակում բուժզննման և ֆիզիկական պատրաստության քննության օրերը: Բուժզննումն անցկացվում է դիմորդի նշված ՌՈՒՀ-ի` ընդունվողների առողջական վիճակի համար սահմանված չափանիշներով: 

Ֆիզիկական պատրաստության քննությունների ժամանակ ստուգվում է հետևյալ նորմատիվների կատարումը`
 100 մ. վազք,
 1000 մ. վազք
 ձգումներ պտտաձողի վրա:

Ընդունելության մրցույթին կարող են մասնակցել միայն սահմանված քննություններից դրական գնահատականներ ստացած և առողջական վիճակով տվյալ ՌՈՒՀ-ում սովորելու համար պիտանի ճանաչված դիմորդները:

Մրցույթը կազմակերպվում է հետևյալ կերպ.

 ըստ մրցութային առարկաներից հավաքած բալերի (բարձրից ցածր` նվազման կարգով)` կազմվում են անվանացուցակներ և այդ հերթականությամբ դիմորդների հետ անցկացվում է հարցազրույց «Մասնագիտական կողմնորոշում և հեգեբանական համատեղելիություն» թեմայով: Հարցազրույցն անցկացվում է նախօրոք կազմված թեստերով, որոնցում ընդգրկում են ընդհանուր զարգացումը, մասնագիտական կողմնորոշումը և հոգեբանական համատեղելիությունը բացահայտող հարցեր: 

Մրցույթը կազմակերպվում է ՀՀ պաշտպանության նախարարությունում` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի, դիմորդների ծնողների և հրավիրված լրատվամիջոցների մասնակցությամբ:

Հարցազրույցի ընթացքում իրեն դրականորեն դրսևորած դիմորդը կարող է խորհրդակցել նաև ծնողների հետ և ընտրել այն ուսումնական հաստատությունը, որտեղ ուղում է սովորել: Տվյալ ՌՈՒՀ-ում տեղերի համալրվածության դեպքում նրան կառաջարկվի սովորել այն ՌՈՒՀ-ում, ուր ընդունվելու համար իր միավորները բավարարում են: 

Հանձնաժողովի աշխատանքների հիման վրա արձակվում է ՀՀ պաշտպանության նախարարի` ընդունելության վերաբերյալ հրամանը: 
Ընդունված կուրսանտները համարվում են զինծառայողներ և նրանց հետ համաձայն «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի և 12-րդ հոդվածի 3-րդ մասի` կնքվում է հետագա ծառայությունը շարունակելու վերաբերյալ պայմանագիր, ոչ ուշ քան մինչև երկրորդ կուրսի ավարտը:

Դիմորդներին տրվող արտոնությունները

Արտամրցութային կարգով ռազմաուսումնական հաստատություններ կարող են ընդունվել ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած, մասնագիտական ընտրության բոլոր պահանջներին բավարարող. 

1. մարտական գործողություններում զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների երեխաները,
2.  երկկողմանի ծնողազուրկ պատանիները:
Հավասար միավորներ հավաքելու դեպքում արտոնությունը տրվում է քննություններից դրական թվանշաններ ստացած, մասնագիտական ընտրության բոլոր պահանջներին բավարարող. 
1. պարտադիր ժամկետային ծառայության զինծառայողները,
2. մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների և ազատամարտիկների երեխաները,
3. սպորտի վարպետներն ու վարպետության թեկնածուները:
 
Կատեգորիա: Իմ հոդվածները | Ավելացրեց: Ռազմտեղեկատու (29.07.2014)
Դիտումներ: 1182 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar

Կայքի մենյու

Մուտքի ձև

Բաժնի անվանակարգերը

Իմ հոդվածները [6]

Որոնել

Մեր հարցումը

Ինչ եք ուզում ԼՂՀ-ի համար
Պատասխանների ընդհանուր քանակը: 1557

Մինի - չաթ

Կայքի գործընկերները

Վիճակագրություն


Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0