ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՀՀ կառավարության 1994թ. հունիսի 24-ի թիվ 279 որոշմամբ, ապա ՀՀ պաշտպանության նախարարի հունիսի 25-ի հրամանով կազմավորվեց ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը («ԲԶԲՀՈւ»): Ուսումնարանի առաջին պետ նշանակվեց գեներալ-մայոր Սերգեյ Սահակի Մարտիրոսյանը: Հետագա տարիներին այդ պաշտոնը զբաղեցրել են գնդապետ Ալեքսանդր Գրիգորի Մինասյանը, գեներալ-մայոր Աշոտ Սեդրակի Պետրոսյանը, գեներալ-լեյտենանտ Արշալույս Զավենի Փայտյանը, գեներալ-լեյտենանտ Ստեփան Վահանի Միրզոյանը, գեներալ-լեյտենանտ Գարեգին Աշոտի Գաբրիելյանը: Այժմ Ռազմական ինստիտուտի պետն է գեներալ-մայոր Մարտին Նազարի Կարապետյանը:
1994թ. սեպտեմբերի 1-ին ուսումնարանն առաջին անգամ իր դռները բացեց կուրսանտների առաջ: ՀՀ պաշտպանության նախարարի 1994թ. նոյեմբերի 1-ի հրամանով ԵՊՀ զինվորական ամբիոնն ամբողջովին հանձնվեց ԲԶԲՀ ուսումնարանին:
Նորաստեղծ բանակի խնդիրներից ելնելով` ուսումնարանը սկզբնական շրջանում զինվորական մասնագետներ էր պատրաստում 8 մասնագիտությունների գծով: Միաժամանակ ուսումնարանի բազայի վրա անցկացվում էին մեկամյա դասընթացներ, որտեղ ընդունվում էին ՀՀ բուհերն ավարտած երիտասարդներ:
ՀՀ կառավարության` 1998թ. հունվարի 16-ի թիվ 24 որշմամբ ՀՀ ՊՆ բարձրագույն զինվորական բազմաբնույթ զինվորական ուսումնարանը վերակազմավորվեց Ռազմական ինստիտուտի: Նույն թվականին էլ Ռազմական ինստիտուտը տվեց իր առաջին շրջանավարտները:
ՀՀ Նախագահի հրամանագրով և ՀՀ պաշտպանության նախարարի 2000թ. փետրվարի 8-ի հրամանով ՀՀ ռազմական ինստիտուտը վերանվանվեց Վազգեն Սարգսյանի անունով:
ՀՀ նախագահի` 2000թ. փետրվարի 12 վկայագրով ինստիտուտին հանձնվեց մարտական դրոշ` որպես զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ:
2004թ. հունվարի 27-ից սկսեց գործել սպայական կադրերի որակավորման բարձրացման կենտրոնը («ՍԿՈԲԿ»):
2005թ. սեպտեմբերի 1-ին բացվեց նոր ուսումնական մասնաշենքը:
2003թ. սկսած, ինտեգրվելով ՀՀ պետական բուհերի համակարգում, Ռազմական ինստիտուտը դարձավ հանրապետության պետական բուհերի խորհրդի լիիրավ անդամ:
ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՊԵՏ
ՄԱՐՏԻՆ ՆԱԶԱՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
գեներալ-լեյտենանտ
Ծնվել է 1960 թ. մարտի 18-ին Ղուկասյանի շրջանի Փոքր Սեպասար գյուղում:
1981 թ. ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը: 1977-1992թթ.-ին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում. եղել է դասակի, մարտկոցի, դիվիզիոնի հրամանատար: 1992թ.-ին ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում և նշանակվել է Ամասիայի շրջանի զինվորական կոմիսար: 1994-1997թթ. սովորել է Սանկտ-Պետերբուրգի Միխայլովի անվան ռազմահրետանային համալսարանում:
1997-2000թթ.-ին եղել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ - շտաբի պետ, 2000-2003 թթ.-ին` նույն բանակային կորպուսի հրամանատար, 2003-2008թթ.-ին` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետ: 2008թ.-ի հուլիսի 15-ին նշանակվել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ:
2011թ. - ՀՀ Նախագահի սեպտեմբերի 3-ի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:
1992-1994թթ.-ին մասնակցել է Իջևանի պաշտպանությանը, Քաշաթաղի, Քարվաճառի ազատագրման մարտերին: Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Արիության», «Հայրենիքի մատուցած ծառայության» 2-րդ աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան» մեդալներով:
Ամուսնացած է, ունի դուստր և որդի:
Ուսումնական գործընթաց
ՀՀ պաշտպանության նախարարի 2001թ. մայիսի 29-ի հրամանով Ռազմական ինստիտուտն անցել է երկու` մոտոհրաձգային և հրետանային մասնագիտություններով սպայական կադրերի պատրաստմանը:
Մոտոհրաձգային մասնագիտության շրջանակներում 4-րդ կուրսում 2007-2008թթ. պատրաստվել են նաև տանկիստներ, իսկ 2008-2009 ուսումնական տարվանից` հետախույզներ և սակրավորներ:
Այսօր Ռազմական ինստիտուտում գործում է երկու ֆակուլտետ` համազորային` 4 ամբիոնով, և հրետանային` 3 ամբիոնով, ինչպես նաև 3 առանձին ամբիոն:
Համազորային ֆակուլտետը պատրաստում է մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, ինժեներասակրավորային դասակների հրամանատարներ, զինվորական թրթուրավոր ու անվավոր ռազմական մեքենաների ճարտարագետներ` բակալավրի աստիճանին համապատասխան քաղաքացիական մասնագիտությամբ: Ուսման տևողությունը 4 տարի է:
Հրետանային ֆակուլտետը պատրաստում է հրետանային դասակի հրամանատարներ, զինվորական և անվավոր ռազմական մեքենաների ճարտարագետներ` բակալավրի աստիճանին համապատասխան քաղաքացիական մասնագիտությամբ: Ուսման տևողությունը 4 տարի է:
Ուսման ընթացքում կուրսանտների գիտելիքները ստուգվում են կիսամյակային և տարեկան ստուգարքների ու քննությունների միջոցով: Ավարտական քննությունները ընդունվում են պետական քննական հանձնաժողովի կողմից հուլիսի ընթացքում: Քննությունները հաջող հանձնելու դեպքում կուրսանտները ստանում են առաջին սպայական կոչում` «լեյտենանտ», և համապատասխան մասնագիտական որակավորում, որից հետո վիճակահանությամբ ծառայության են նշանակվում ՀՀ զինված ուժերում:
Ռազմական ինստիտուտում գործում են նաև սպայական մեկամյա դասընթացներ, որտեղ ընդգրկված են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ենթակա բարձրագույն կրթությամբ զորակոչիկները:
Ռազմական ինստիտուտում ուսուցումը հայերեն է: Ուսումնական պարապմունքների համար ստեղծված է համապատասխան ուսումնական և նյութատեխնիկական բազա: Յուրաքանչյուր ուսումնական դասակ ունի իրեն ամրագրված լսարան: Ֆակուլտետներում և ամբիոններում` հրետանու, մարտավարության, կրակային պատրաստության, կապի, ՀՕՊ, զրահատանկային տեխնիկայի, ինժեներային պատրաստության, գործում են հատուկ մասնագիտացված լսարաններ: Գործում են նաև օտար լեզուների ժամանակակից լսարաններ, որտեղ կուրսանտներն ուսանում են անգլերեն, գերմաներեն, հունարեն, պարսկերեն և այլ լեզուներ:
Ռազմական ինստիտուտում գործում են մեքենաների նյութական մասի և ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցման լսարաններ, մարտական և տրանսպորտային մեքենաների հավաքակայան, ավտոդրոմ և զրահավարժարան: Ուսումնական գործընթացի եզրափակիչ փուլը կուրսանտներն անցնում են «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում` ճամբարային ելքերի ժամանակ:
Ուսման ընթացքում Ռազմական ինստիտուտի կուրսանտներն ապահովվում են սննդով, հանդերձանքով, կացարաններով, ստանում են կրթաթոշակ: Գերազանց առաջադիմությամբ սովորող և զինվորական բարձր կարգապահություն ունեցող կուրսանտները ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստանում են անվանական պարգևավճարներ:
Ռազմական ինստիտուտը ունի նաև բուժկետ, ակումբ և գրադարան:
Ռազմական ինստիտուտն իր մասնակցությունն է ունենում համապետական և համաբանակային միջոցառումներին, համագործակցում է արտերկրի մի շարք ռազմական ուսումնական հաստատությունների և ՀՀ պետական բուհերի հետ:
ՆԱՏՕ-ի` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակնե¬րում Ռազմական ինստիտուտում 2003 թվականին և 2008 թվականին կազմակերպվեցին «Համատեղ լավագույն ջանք» ու «Համատեղ աղեղ և համատեղ նիզակակիր» զորավարժությունները:
Տարբեր ժամանակներում Ռազմական ինստիտուտն իր հյուրընկալ դռներն է բացել Հունաստանի, Չինաստանի, Իրանի, Լիտվայի, Բելառուսի, Գերմանիայի, Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ռումինիայի և ՆԱՏՕ-ի ռազմական պատվիրակությունների առաջ. այդ համագործակցությունն օգնում է կատարելագործելու ՀՀ ռազմական կրթական համակարգը:
Ընդունելության կարգը
նդունելության կարգը
Յուրաքանչյուր տարի ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը հայտարարում է ընդունելություն «մոտոհրաձիգներ» և «հրետանավորներ» մասնագիտությունների գծով: Կարող են մասնակցել միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական կրթություն ստացած (նաև ժամկետային ծառայությունն ավարտած կամ ծառայող) պատանիներն ու ոչ լրիվ բարձրագույն կրթությամբ երիտասարդները:
Ռազմական ինստիտուտ ընդունելության դիմումներ կարող են ներկայացնել քաղաքացիական կարգավիճակ ունեցող մինչև 21 տարեկան այն երիտասարդները, ովքեր տարածքային, մարզային զորակոչային հանձնաժողովների կողմից զինվորական ծառայության համար ճանաչվել են պիտանի, ինչպես նաև մինչև 23 տարեկան պարտադիր ժամկետային, պայմանագրային կամ պահեստազորի այն զինծառայողները, ում վերադաս հրամանատարությունը երաշխավորում է սովորելու ռազմական ինստիտուտում:
Դիմումներն ընդունվում են տարածքային զինկոմիսարիատներում` քաղաքացիների համար, և զորամասերում` զինծառայողների համար` ՀՀ պաշտպանության նախարարության սահմանած կարգով:
Քաղաքացիական կարգավիճակ ունեցող դիմորդները Ռազմական ինստիտուտ ընդունվելու համար տարածքային զինկոմիսարիատ են ներկայացնում դիմում, բժշկական հետազոտման քարտ, ինքնակենսագրություն, բնութագիր` ուսման, աշխատանքի կամ ծառայության վայրից, 3x4 չափի 4 լուսանկար, տեղեկանքներ բնակավայրից (ընտանեկան կազմի վերաբերյալ), նարկոլոգիական, հոգեբուժական դիսպանսերներից, տարածքային ոստիկանության բաժնում հաշվառման մեջ չլինելու վերաբերյալ, ծննդյան վկայականի պատճենը` 2 օրինակ, միջնակարգ կրթության վկայականը և, առկայության դեպքում` երաժշտական կրթության կամ մարզական կարգերի վերաբերյալ փաստաթղթեր, ինչպես նաև որդուն ուսման ուղարկելու վերաբերյալ ծնողների համաձայնագիրը և սոցիալական քարտը:
Անձնագիրը, միջնակարգ կրթության վկայականը և զինգրքույկը դիմորդն անձամբ է ներկայացնում` կենտրոնական ընդունող հանձնաժողովին ներկայանալու օրը: Զինծառայողների փաստաթղթերը ձևակերպվում են զորամասերում` ըստ ՀՀ ՊՆ համապատասխան հրահանգների:
Ընդունելության քննություններն անցկացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության սահմանած` բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունելության «Միասնական» քննակարգով` «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» առարկաներից: Դիմորդները «Ֆիզիկական պատրաստություն» առարկայից քննությունը հանձնում են Ռազմական ինստիտուտում:
Ընդունելության քննությունների արդյունքների ամփոփումն իրականացվում է ՀՀ ՊՆ մանդատային հանձնաժողովի նիստում. յուրաքանչյուր դիմորդի հետ անցկացվում է հարցազրույց` գործնական հատկանիշները, կազմակերպչական ունակությունները, հաստատակամությունը, կատարողական կարգապահությունը, պահանջկոտությունը, բարոյական հատկանիշները, զինվորական ծառայության նկատմամբ վերաբերմունքը և այլ հատկանիշներ կամ ունակություններ հայտնաբերելու, պարզորոշելու նպատակով:
|